Հերթը հասավ Արգավանդին՝ Կարա-Կոյունլուների (Փիր-Հուսեյնի) դամբարանին
29.11.2026 | 14:10
«Исторические памятники в Западном Азербайджане» («Պատմական հուշարձաններն Արևմտյան Ադրբեջանում») խորագրի ներքո այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության կայքում գրում է, որ, մեջբերում եմ. «Ջաֆարաբադի դամբարանը գտնվում է Զանգիբասարի մահալի Ուլուխանլու ավանից 14 կմ հյուսիս՝ Իրևան քաղաքից ոչ հեռու»։
Խոսքը 1413 թվականին կառուցված Կարա-Կոյունլուների (Փիր-Հուսեյնի) դամբարանի մասին է, որը գտնվում է Արգավանդ գյուղում։ Էմիր Հուսեյնն այս դամբարանը կառուցել է իր և Արարատյան դաշտը նվաճած հոր՝ Էմիր Սաադի համար։
Հայաստանը պետականություն չունենալու մի որոշ ժամանակահատվածում գտնվել է թուրքմեն Կարա-Կոյունլուների տիրապետության տակ։ Հայտնի է նաև, որ թուրքմենները մեծ դեր են ունեցել 1441 թվականին կաթողիկոսությունը Կիլիկիայից Էջմիածին տեղափոխելու հարցում։
Իր ծավալապաշտական քաղաքականությունը հիմնավորելու նպատակով Ադրբեջանը Էմիր Սաադին համարում է ադրբեջանցի, իսկ ամբողջ ժառանգությունը՝ ադրբեջանական։ Այդ կեղծ թեզի հենքով հսկայական «ակադեմիական» գրականություն է մոգոնվել։
Հայաստանի իշխանությունները, հասկանալի է, խնամում են հայ-ադրբեջանական խաղաղությունը։ Կասկած չկա, որ մեր ակադեմիական պատմագրությունը ևս ձայն չի հանի, քանի որ կպատժվի ՀՀ իշխանությունների կողմից, ինչպես պատժվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, ով համարձակվել էր «սխալ» գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահին։
Գուցե Թուրքմենստանը և Երևանում Թուրքմենստանի դեսպանությունն անդրադառնա՞ն այս կեղծարարությանը։ Պարտադիր չէ, որ պաշտոնական Երևանը հրապարակավ դիմի թուրքմեն գործընկերներին. դա կարելի է անել լռելյայն՝ դիվանագիտական խողովակներով։
Հասկանում եմ՝ մեռնենք էլ, խաղաղություն եք բերելու, բայց մինչև ե՞րբ է շարունակվելու Հայաստանի հանդեպ այս ծավալապաշտական և ծաղրական քաղաքականությունը։ Դեմ չենք նաև, որ երբ գնում եք Թուրքմենստան, ադրբեջանական երգի տակ սրտիկ եք անում, ի սեր Աստծո։
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեկնաբանություններ